Կատարողական թերթը կներկայացվի ԴԱՀԿ դատարանի կողմից

Կատարողական թերթը կներկայացվի ԴԱՀԿ դատարանի կողմից

Այսուհետ քաղաքացիները կազատվեն ևս մեկ քաշքշուկից. կատարողական թերթը կներկայացվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը դատարանի կողմից՝ էլեկտրոնային եղանակով


2018 թվականի փետրվարի 09-ին ընդունված և 2018 թվականի ապրիլի 09-ից գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ այսուհետ քաղաքացին կամ իրավաբանական անձը, ում օգտին վճիռ կամ որոշում է կայացվել, այլևս պարտավոր չէ կատարողական թերթը անձամբ ներկայացնել ԴԱՀԿ ծառայությանը: Բավական է դիմել վճիռ կամ որոշում կայացրած դատարանին՝ կատարողական թերթ տրամադրելու խնդրանքով և դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում դատարանը էլեկտրոնային եղանակով այն ուղարկում է ԴԱՀԿ ծառայությանը:

Քաղաքացին դատարանի վճռի կամ որոշման կատարման հետագա ընթացքի մասին արդեն տեղեկանում է ԴԱՀԿ ծառայության կողմից կայացված որոշումների միջոցով:

Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով քաղաքացուն անհրաժեշտ է իր ձեռքում ունենալ կատարողական թերթը, ապա վերջինս դիմում է վճիռ կամ որոշում կայացրած դատարանին՝ կատարողական թերթի կրկնօրինակը ստանալու խնդրանքով:

Չնայած առաջին հայացքից այս նորամուծությամբ հեշտացվել է քաղաքացու գործը, բայց պրակտիկայում դեռևս դատարանները սահմանված ժամկետները չեն պահպանում և հազվադեպ է լինում, որ եռօրյա ժամկետում կատարողական թերթը ստացվի ԴԱՀԿ ծառայության կողմից: Այս առումով հատկապես կարևոր է հայցի ապահովում կիրառելու մասին որոշումները կատարման ներկայացնելու ժամկետների պահպանումը, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման, հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հուսանք նոր Հայաստանում դատարանները կաշխատեն օրենքի տառին համապատասխան և կպահպանեն օրենքով սահմանված դատավարական ժամկետները, չէ որ շատ հաճախ անգամ մեկ օրը, անգամ մի քանի ժամը կարող են վճռորոշ լինել քաղաքացու համար...