Ալիմենտի չափը, երբ ծնողը գրանցված աշխատող չէ

Ալիմենտի չափը, երբ ծնողը գրանցված աշխատող չէ

Որքան ալիմենտ կստանա անչափահաս երեխան, եթե ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծոնղը գրանցված աշխատող չէ

Երեխայի իրավունքները սահմանվում և պաշտպանվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ընտանեկան օրենսգրքով, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով:

Երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի: Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ)։ Ծնողական իրավունքները դադարում են երեխաների տասնութ տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչ չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում։

Ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին։ Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն։ Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն)։ Եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով։

Ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով , եթե ծնողը վաստակ կամ այլ եկամուտ չի ստանում կամ չունի:

Կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։

Դատարանը երեխայի ծնողից դատական կարգով ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ գործեր քննելիս բռնագանձման ենթակա ալիմենտի չափը որոշելու համար նախ և առաջ պետք է գնահատման առարկա դարձնի և պարզի ծնողների վաստակի և այլ եկամտի առկայությունը և դրա չափը` միաժամանակ հաշվի առնելով անչափահաս երեխաների դաստիարակության և զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանները, այդ թվում` երեխաների առողջության, ֆիզիկական, հոգևոր և բարոյական զարգացման համար պահանջվող նվազագույն պայմանները, ալիմենտի գումար:

Ծնողների վրա է դրված երեխաների դաստիարակության, հոգալու և ապրուստի միջոց տրամադրելու, ինչպես նաև առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման հարցերի լուծման պարտականությունները, ընդ որում` նշված պարտականությունները ծնողների միջև բաշխված են հավասարապես, ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ` իհարկե հաշվի առնելով երեխաների շահերը։

Բացի այդ` ալիմենտ ստանալու իրավունք ունեցող անձը կարող է ալիմենտի բռնագանձման համար դիմել դատարան` անկախ ալիմենտի իրավունքի առաջացման պահից անցած ժամանակահատվածից, եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախկինում ալիմենտ չի վճարվել։ Ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից։ Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով։

Պետք է նշել, որ կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման պահանջ քննելիս դատարանները ալիմենտի կայուն չափը որոշելիս հաճախ հիմք են ընդունում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից միջին ընթացիկ գներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մեկ շնչի հաշվով, ամսական կտրվածքով, օրինակ` 2017 թվականի 1-ին եռամսյակի տվյալներով այն կազմում է 56 918,7 /հիսունվեց հազար ինը հարյուր տասնութ ամբողջ յոթ/ ՀՀ դրամ, որը բոլոր պարագաներում երեխայի համար յուրաքանչյուր ամիս պարտավոր են ապահովել նրա ծնողները: Այսինքն, ծնողներից յուրաքանչյուրը պարտավոր է յուրաքանչյուր երեխայի համար ապահովել ամսական նվազագույնը 28 500 /քսանութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամի չափով ապրուստի միջոց: