Տուգանքի չվճարած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին

Տուգանքի չվճարած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին

Կարևոր է իմանալ` Դատարանի դատավճռով նշանակված տուգանքի չվճարած մասը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին

ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանցանքներ կատարելու համար որպես պատիժ նախատեսված է տուգանք: Դատարանի կողմից նշանակված տուգանք պատժատեսակի կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում է ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայությունը: Ընդ որում` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է տուգանքի վճարման հետաձգում և տարաժամկետում:

Իսկ ինչ է տեղի ունենում, եթե դատապարտյալը չի վճարում դատարանի կողմից նշանակված, ինչպես նաև հետագայում տարաժամկետված կամ հետաձգված տուգանքը: Սովորաբար Պրոբացիայի պետական ծառայության կողմից միջնորդություն է ներկայացվում դատապարտյալի բնակության վայրի դատարան` տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին: Միջնորդությունը քննարկվում է Պրոբացիայի պետական ծառայության աշխատակցի, դատախազի և դատապարտյալի մասնակցությամբ:

Նման դեպքերում նախ և առաջ անհրաժեշտ է դատարանին հայտնել, որ չեք խուսափում տուգանքը վճարելուց, այլ պարզապես ի վիճակի չեք` ինչ-ինչ հանգամանքներից ելնելով /աշխատանքի բացակայություն, գումարի չունենալ, ծանր նյութական վիճակ և այլն/: Բացի այդ դատարանին պետք է հայտնել հետևյալը.

01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց:

01.06.2006 թվականին ընդունված ՀՕ-119-Ն` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխութուններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն`

Օրենսգրքի 51-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4. Տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով` հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում ստացվում է պակաս, քան երկու հարյուր յոթանասուն ժամը, ապա նշանակվում է երկու հարյուր յոթանասուն ժամ, իսկ եթե այն գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ:

ՀՀ սահմանադրական դատարանի 2013 թվականի ապրիլի 23-ի ՍԴՈ-1082 որոշման համաձայն`

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 51 հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում համարժեքորեն չի երաշխավորում երկու հարյուր յոթանասուն ժամից պակաս տևողությամբ հանրային աշխատանքների կիրառման իրավական հնարավորություն այն անձանց նկատմամբ, որոնք չունեն տուգանքը վճարելու հնարավորություն` արգելափակելով նրանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացումը, ինչպես նաև տարբերակված մոտեցում չի դրսևորում տուգանքը վճարելու անհնարինության և դրանից խուսափելու հանգամանքների միջև, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր:

Այսինքն, ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ պատժատեսակի փոխարինման ինստիտուտի կիրառումն ինքնին իրավաչափ նպատակ է հետապնդում, սակայն նկատի ունենալով որ վիճարկվող նորմը պատիժը փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքում համարժեքորեն չի երաշխավորում երկու հարյուր յոթանասուն ժամից պակաս տևողությամբ հանրային աշխատանքների կիրառման իրավական հնարավորություն, ինչպես նաև տուգանքը վճարելու անհնարինության և դրանից խուսափելու հանգամանքների միջև տարբերակված մոտեցում չի դրսևորում, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 68 հոդվածներով, որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության (2005թ. փոփոխություններով) 18-րդ հոդվածին հակասող և անվավեր:

Այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասն իր իրավաբանական ուժը կորցրել է ՀՀ սահմանադրական դատարանի 2013թ. ապրիլի 23-ի ՍԴՈ-1082 որոշմամբ:

01.03.2017 թվականին ընդունված ՀՕ-59-Ն «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն. Տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը`

  • 1) դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում, տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել լիազոր մարմին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի.
  • 2) խախտել է տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու կարգն ու պայմանները:

Մինչև 2017 թվականի ապրիլի 08-ը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դրույթ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված չի եղել:

ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն`

  • 1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
  • 2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն`

  • 1. Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:
  • 2. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի:
  • 3. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի համաձայն`

  • 2. Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Այսպիսով` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1082 որոշման լույսի ներքո ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը վերը նշված ժամանակահատվածից հետո տուգանքի դատապարտված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել, քանի որ հանցանք կատարելու ժամանակահատվածում նման իրավանորմ այլևս գոյություն չի ունեցել, մինչ այդ այն ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր: