Ում է պատկանում սուրբ Գեղարդը և իրավաչա՞փ է արդյոք բողոքը

Ում է պատկանում սուրբ Գեղարդը և իրավաչա՞փ է արդյոք բողոքը

Ում է պատկանում սուրբ Գեղարդը և իրավաչա՞փ է արդյոք քաղաքացիների բողոքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդի դեմ:

ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, իսկ 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Պետության և եկեղեցու անջատ լինելու սկզբունքը առաջին անգամ ի հայտ է եկել ֆրանսիական հեղափոխությունից հետո, իսկ այնուհետև՝ 1905 թվականին ամրագրվել է ֆրանսիայի օրենսդրությամբ: Ինչու է ՀՀ գլխավոր օրենքը՝ սահմանադրությունը տարանջատում եկեղեցին պետությունից, որովհետև քաղաքացիական-իրավական հասարակությունում գործում է խղճի, կրոնի ազատության սկզբունքը, ուստի ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունը չի կարող լինել կրոնական:

Որքան էլ ՀՀ սահմանադրությամբ հայ առաքելական եկեղեցու գոյությանն ու դերին տրվի բացառիկ նշանակություն ու նկարագրություն, այնուամենայնիվ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փաստացի և ըստ ՀՀ օրենսդրության՝ հանդիսանում է իրավաբանական անձ: Որպես իրավաբանական անձ՝ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում 07.12.2007թ-ին գրանցված է «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» Կրոնական Կազմակերպությունը՝ հիմնադրված Հակոբ Գևորգյանի և Ներսիսյան Գարեգին Բ-ի կողմից:

Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի՝ նույն հիմնադիրների նույնանուն կազմակերպություն գրանցվել է նաև 20.03.1998թ-ին:

Նկատի ունենալով, որ եկեղեցին մեր պետությունում գործում է իրավաբանական անձի ռեժիմով, ուստի ինչպես այլ կրոնական կազմակերպությունների, այնպես էլ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավուքներն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ սահմանադրությամբ, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության մի շարք որոշումներով, որոնց համաձայն՝ ՀՀ տարածքում գտնվող եկեղեցիներն ու վանքերը, ինչպես նաև եկեղեցական շինությունները որպես սեփականություն տրվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Այսպիսով՝ հայ առաքելական եկեղեցին ՀՀ տարածքում գրանցված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կրոնական կազմակերպություն է, որի հիմնադիրներից է նույն ինքը Գարեգին Բ-ն, այն ունի սեփականություն՝ առանձնացված գույք, այդ գույքի թվում են նաև Էջմիածին թանգարան-գանձարանում պահվող և մշակութային-ազգային նշանակություն ունեցող մի շարք արժեքներ, օրինակ սուրբ Գեղարդը, որի շուրջ վերջին օրերին այնքան աղմուկ է բարձրացել:

Համաձայն ՀՀ օրենսդրության՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգևոր, մշակութային և վավերագրական ժառանգությունը ազգային ինքնության հենքի կարևոր և անբաժանելի մասն է, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգևոր, մշակութային և վավերագրական արժեքների՝ պետական սեփականություն հանդիսացող հատվածը կարող է օտարվել կամ պահպանման վայրից փոխադրվել՝ այդ մասին նախապես տեղեկացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, այդ արժեքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այսպիսով՝ նախ պետք է պարզել.

Արդյոք սուրբ Գեղարդ կոչվող մասունքը որպես մշակութային արժեք ներառվա՞ծ է ՀՀ Կառավարության հաստատած մշակութային արժեքների ցանկում։

Պետակա՞ն թե Եկեղեցու սեփականություն է հանդիսանում սուրբ Գեղարդը։

Եթե այն հանդիսանում է հայ առաքելական եկեղեցու սեփականություն, ապա որքանո՞վ է իրավաչափ այն մասնատելը, օտարելը կամ տեղափոխելը։

Այս հարցադրումներին կարելի է պատասխանել երկու տեսանկյունից՝ բարոյական և օրենսդրական: Օրենսդրական տեսանկյունից կրոնական կազմակերպության սեփականության իրավունքը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» օրենքով, իսկ ՀՀ սահմանադրությունը հռչակում է սեփականության իրավունքի անձեռնմխելիությունն ու պաշտպանությունը, քանզի սեփականատերը ազատ է տնօրինել, տիրապետել, օգտագործել իրեն սեփականության իրավունքով պատկանող ցանկացած գույք, նույնիսկ եթե այդ գույքը իրենից ներկայացնում է մշակութային-պատմական արժեք:

Եթե սուրբ Գեղարդը հայ առաքելական եկեղեցուն է հանձնվել որպես սեփականություն պետության կողմից, ապա այս դեպքում պետք է գործի կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը՝ համաձայն որի կրոնական կազմակերպությունները պարտավոր են ապահովել պետության կողմից որպես սեփականություն իրենց հանձնված կառույցների, տարածքների և մյուս ունեցվածքի, ինչպես նաև իրենց սեփականություն հանդիսացող պատմական հուշարձանների պահպանությունը և ըստ նշանակության օգտագործումը:

Այս վիճահարույց հարցում ճիշտ կողմնորոշվելու, անհիմն հայտարարություններից զերծ մնալու, եկեղեցու դեմ չարդարացված բողոքներից ու ոտնձգություններից խուսափելու համար, հայտնի նախաձեռնության անդամները, ղեկավարները, նախ և առաջ, պետք է ՀՀ մշակույթի նախարար տիկին Մակունցից պահանջեն պարզաբանում` սուրբ Գեղարդի պատկանելիության, համապատասխան ցանկում ներառված լինելու, այն արտահանելու և ներմուծելու կարգի վերաբերյալ: Որքան էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եկեղեցին պետությունից անջատ կառույց է, այնուամենայնիվ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ անհրաժեշտ է պատկան պետական մարմինների պարզաբանումը և հնարավոր է նաև միջամտությունը, եթե տեղի է ունեցել ինքնիրավչություն կամ յուրացում եկեղեցու առաջնորդի կողմից:

Շարունակելի…